Լուրեր

Արվեստագետ և բարերար Ս. Նազարյանի մեծարման միջոցառումը

29.11.2018

Կից լուսանկարներ

Արվեստագետ և բարերար Ս. Նազարյանի մեծարման միջոցառումը

Արվեստագետ և բարերար Ս. Նազարյանի մեծարման միջոցառումը

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց ընդունելություն՝ ի պատիվ իրանահայ հայտնի նկարիչ-ռեստավրատոր և բարերար Սեդրակ Նազարյանի:

Հանդիպման սկզբում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը համառոտ կերպով ներկայացրեց վաստակաշատ արվեստագետի կենսագրությունը, նրա հարուստ ստեղծագործական գործունեությունը: Հիշատակվեցին վարպետի մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի որմնանկարների վերականգնման բարձրարվեստ գործը:

Իր խոսքում դեսպան Ա. Թումանյանը նշեց, որ օրվա գլխավոր առիթը Ս. Նազարյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա դրամահավաքին ցուցաբերած բացառիկ վերաբերմունքն է: Նշվեց, որ վերջինս մշտապես մասնակցել է ամենամյա դրամահավաքներին, սակայն այս անգամ արվեստագետը նվիրաբերել է իր աշխատանքային գործունեության տարիների ընթացքում խնայած իր դրամական միջոցները՝ 120 հազ. ԱՄՆ դոլար:

Խոսելով Ս. Նազարյանի բարեգործական և մարդասիրական քայլի կարևորության մասին՝ ՀՀ դեսպանը հատկապես ընդգծեց նրա հայրենանվեր, համեստ և ազնիվ կեցվածքը, մի բան, որ ընդօրինակման աղբյուր կարող է դառնալ Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների, մասնավորապես պատանի և երիտասարդ սերնդի համար:

Դեսպան Ա. Թումանյանը անվանի արվեստագետին հանձնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Իրանի տեղական մարմնի գնահատանքի վկայականը:

Ս. Նազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպման համար և նշեց, որ ինքն ընդամենը կատարել է իր հոգու պարտքը և բացարձակապես չի ակնկալում իր անձի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունք կամ մեծարում:

Հանդիպմանը մասնակցում էր Իրանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, ով նույնպես հայտնեց իր երախտագիտության խոսքը: Ներկա էին նաև Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի նախագահ Ժոզեֆ Մեհրաբյանը, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Հովհաննիսյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր