Լուրեր

Դեսպան Թումանյանը հյուրընկալեց Իրանի ազգային թանգարանի տնօրենին

26.06.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Թումանյանը հյուրընկալեց Իրանի ազգային թանգարանի տնօրենին

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 26-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանի ազգային թանգարանի տնօրեն Ջեբրաիլ Նոքանդեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրանական մշակութային կապերի ընդլայնման խնդիրները, մասնավորապես անդրադարձ եղավ Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի Ազգային թանգարանի միջև համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները խոսեցին երկու թանգարանների մասնակցությամբ Թեհրանում մեծ հաջողությամբ անցկացված «Հայաստան և Իրան. հողի հիշողությունը» համատեղ ցուցահանդեսի մասին՝ նշելով, որ այն ամուր հիմք է հետագա համագործակցության զարգացման համար:

Դեսպան Թումանյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանը տոնում է իր ստեղծման 100-ամյակը, և այդ առթիվ հայկական կողմը կազմակերպում է «Հայաստանի պատմության թանգարան – 100. թանգարանը և մերօրյա մարտահրավերները» խորագիրը կրող կոնֆերանս:

Հաշվի առնելով երկու երկրների վերոնշյալ թանգարանների միջև ստեղծված բարեկամական և աշխատանքային ամուր կապերը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանի տնօրինությունը որոշում է կայացրել կազմակերպվող կոնֆերանսին հրավիրել Իրանի ազգային թանգարանի տնօրենին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ թանգարանի տնօրեն Ջ. Նոքանդեն վստահեցրեց, որ կմասնակցի երևանյան միջոցառմանը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր