• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Խորհուրդներ Իրան ճամփորդողների համար

Իրանցիներն ընկերասեր, հյուրընկալ ժողովուրդ են՝ դարավոր պատմությամբ և հարուստ մշակույթով։ Ժամանակակից իրանցիները ձեռք են բերել այնպիսի որակներ, ինչպիսիք են հանգիստ և չափավոր վարքագիծը, բարոյականությունը, հայրենասիրությունը, հյուրասիրությունը, հաղորդակցության մեջ իմպուլսիվությունը, մեծերի նկատմամբ հարգանքը, նրբանկատությունը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը: Իրանական վարքագծի առանձնահատկությունները, ընդհանուր առմամբ, փոխկապակցված են Մերձավոր Արևելքի ժողովուրդների մտածելակերպի հետ, բայց դրանք նաև ունեն մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ, որոնք օտարերկրացիները պետք է հաշվի առնեն երկրում հարմարավետ կացության համար:

    Ահա որոշ նրբություններ, օրենքներ և վարքագծի կանոններ, որ կիրառվում են ԻԻՀ-ում․

  • Իրանական օրացույցը տարբերվում է Գրիգորյան օրացույցից: Իրանական շաբաթն սկսվում է շաբաթ օրից և ավարտվում է ուրբաթ օրը: Հինգշաբթի և ուրբաթ օրերը հանգստյան օրեր են: Խանութները սովորաբար բաց են շաբաթ օրից մինչև հինգշաբթի օրը առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 9-ը։

 

  • VISA, MasterCard և նման վճարային համակարգերը չեն գործում Իրանում, և այցելուները պետք է ծրագրեն իրենց գործարքները կանխիկ տարբերակով։ ԱՄՆ դոլարը կամ եվրոն կարելի է փոխանակել իրանական  ռիալի տարադրամի փոխանակման կետերում կամ օդանավակայանում: Իրանի պաշտոնական արժույթը ռիալն է, այնուամենայնիվ,  գները ներկայում նշվում են թումանով։ Յուրաքանչյուր թումանը հավասար է 10 ռիալի: Իրանական թղթադրամներն ու մետաղադրամներն արտահայտված են ռիալով, պարզելու համար, թե որքան է արժեքը թումանով, անհրաժեշտ է անտեսել վերջին մեկ զրոն։

 

  • ԻԻՀ-ում պատժելի է ոգելից խմիչք պահելը, օգտագործելը և տարածելը, ինչպես նաև երկրի սահմաններից անցկացնելու փորձը։

 

  • Արգելվում է խոզի մսի, թմրանյութերի, ծայրահեղական բնույթի գրականության, տպագրված կամ թվային լրատվության ներմուծումն Իրան, լրատվություն, որը վարկաբեկում է իսլամն ու Իրանի իշխանություններին, քարոզում է արևմտյան արժեհամակարգը, հակադրվում է «Շարիաթի» չափանիշներին, ինչպես նաև պարունակում է պոռնոգրաֆիկ բովանդակություն։

 

  • Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրենքով արգելվում է ռազմական կառույցների, ոստիկանական պահակակետերի և ուժերի, գործարանների, էլեկտրակայանների և այլ ռազմավարական շենքերի, ինչպես օրինակ՝ նախարարությունների լուսանկարահանումը: Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել «Լուսանկարահանումն արգելված է» նշանին, և եթե վստահ չեք, նախապես տեղեկացեք լուսանկարահանման թույլտվության վերաբերյալ։

 

  • Իրանը կրոնական պետություն է, որտեղ իսլամական օրենքի՝ «Շարիաթի» դրույթներն ունեն իրավական ուժ։ Համաձայն այդ դրույթների՝ օտարերկրյա կանայք, տեղացի կանանց նման, պարտավոր են կրել «հիջաբ»՝ հագուստի հատուկ տեսակ, որը ծածկում է ամբողջ մարմինը բացի դեմքից և ձեռքերից։ Խորհուրդ է տրվում կրել լայն և ընդարձակ հագուստ, որը չի ընդգծում կազմվածքը։

 

  • Տղամարդկանց հանդերձանքը բացառում է կարճ տաբատները (ծնկից վերև) և բաց ուսերով շապիկները:

 

  • Ընդունելի չէ հակառակ սեռի ներկայացուցչի հետ ձեռքսեղմումը, տղամարդկանց մուտքը կանանց համար հատկացված վայրեր և հանրային տրանսպորտի կանանց հատված։

 

  • Ռամադան ամսին, որի ժամանակ ժողովրդի մեծամասնությունը օրվա ընթացքում ծոմ է պահում, անհարգալից է հանրային վայրերում ուտելը, խմելը և ծխելը։ Ռամադանն իսլամական օրացույցի 9-րդ ամիսն է։ Ռեստորանների և սրճարանների մեծամասնությունն արևածագից մինչև մայրամուտ փակ են լինում այդ ընթացքում:

 

  • Հյուրանոցների մեծամասնությունն իր հյուրերին առաջարկում է անվճար Wi-Fi։ Ուստի, վստահ լինելու համար, որ կարելի է ամենուրեք ինտերնետ հասանելիություն ունենալ, ավելի լավ է գնել իրանական SIM քարտ և օգտվել դրա ծառայությունների փաթեթից։ 4G ցանցը հասանելի է երկրի ողջ տարածքում իրանական SIM քարտով: Նկատի ունեցեք, որ մի շարք սոցիալական հարթակներ և էլեկտրոնային կայքեր հասանելի չեն, և դրանց մուտքը երկրի տարածքում արգելափակված է։

 

  • Հյուրանոցում բնականոն գործընթաց է կացության ընթացքում այցելուների անձնագրերը պահելը և վերջիններիս վերադարձը վերջնական ելքի ժամանակ։ Ուստի, խորհուրդ ենք տալիս կացության ընթացքում Ձեզ հետ ունենալ Ձեր անձնագրի պատճենը։

 

ԻԻՀ ժամանող և մեկնող ուղևորների ուղեբեռին առնչվող օրենքներ և կարգավորումներ

Ժամանող ուղևորների համար

  • ԻԻՀ մաքսային օրենսգրքի 138–րդ հոդվածի համաձայն` Իրան ժամանող իրանցի և ոչ իրանցի ուղևորները, օգտագործված անձնական իրերից բացի, որոնք ազատված են մաքսատուրքերից, կարող են իրենց  հետ տարին մեկ անգամ, կացության ժամկետին համապատասխան, առանց մաքսազերծման բերել նոր իրեր՝ մինչև 80 ԱՄՆ դոլար արժողությամբ, եթե  դրանք առևտրական բնույթի չեն /նախատեսված չեն վաճառքի համար/ և չեն հակասում ԻԻՀ օրենքներին ու կրոնական արժեքներին։ Չմաքսազերծման այս օրենքը չի տարածվում խոշոր  ապրանքատեսակների վրա, ինչպիսիք են սառնարանը, սառցարանը, հեռուստացույցը, լվացքի մեքենան և այլն իրեր։
  • Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է բերել կանխիկ գումար և բանկային արժեթղթեր, որոնց ընդհանուր անվանական չափը պետք է լինի մինչև 10 000  եվրո կամ դրան համարժեք տարադրամ։ Այդ չափը գերազանցելու դեպքում ուղևորը, հավելյալ գումարը մաքսային ծառայությանը  ներկայացնելուց բացի, պետք է ստանա նաև բանկային թույլտվություն։
  • Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է բերել ոսկյա, արծաթյա և պլատինից զարդեր՝ ընդամենը 150 գրամի սահմանում՝ որպես անձնական օգտագործման իր։ Նշված չափը գերազանցելու դեպքում պետք է ունենալ ԻԻՀ կենտրոնական բանկի թույլտվություն։
  • Վայրի կենդանիների ու թռչունների մուտքի համար պահանջվում է մեկնման երկրի համապատասխան կազմակերպությունների արտոնագիրը և Իրանի բնապահպանության կազմակերպության հաստատումը։
  • Ընտանի կենդանիների և թռչունների մուտքի համար պահանջվում է մեկնման երկրի պատկան կազմակերպությունների կողմից տրված առողջական վկայագիր և Իրանի անասնաբուժական կազմակերպության հաստատումը՝ հաշվի առնելով ԻԻՀ օրենսդրությունը  (կենդանիների կարանտին)։
  • Հեռակառավարվող թռչող սարքերի (ուղղաթիռ, քուադքոփթեր) մուտքը պահանջում է օրինական արտոնագրի ստացում, և եթե ուղևորները երկրից դուրս գալու ժամանակ իրենց հետ ունենում են նման սարքեր, պետք է դրանց մասին տեղյակ պահեն մաքսային մարմնին։
  • Դեղորայքի և որևէ տեսակի սննդային հավելումի մուտքի դեպքում անհրաժեշտ է օրինական թույլտվություն, ինչպես օրինակ՝ Առողջապահության նախարարությունից տրված։
  • Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է բերել 1 փաթեթ սիգարետ (200 ծխագլանակ) կամ 50 հատ սիգար, այսինքն յուրաքանչյուր ուղևոր կարող է բերել ընդհանուր առումով 250 գրամ թութուն։
  • Հաղորդակցական սարքերի (անլար հեռախոսներ և այլն) մուտքի համար պահանջվում է ներկայացնել թույլտվություն` տրված ԻԻՀ հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից։
  • Բույսերի (ծաղիկ, տնկի և այլն) և տարբեր տեսակի սերմերի մուտքը հնարավոր է բույսերի կարանտինային բաժնից թույլտվության ներկայացմամբ։
  • Կենդանի ձկների մուտքը հնարավոր է ԻԻՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվության ներկայացմամբ։

 

Արտասահմանում բնակվող ԻԻՀ քաղաքացիների ուղեբեռի կարգավորումներն Իրան ժամանելիս

 

Արտասահմանում բնակվող սովորական, ծառայողական կամ դիվանագիտական անձնագրերով ԻԻՀ քաղաքացիները,   ովքեր արտերկում բնակվել են մեկ տարուց ավել, որից վերջին 6 ամիսը՝ անընդմեջ, կարող են  առանց մաքսազերծման իրենց հետ բերել անձնական օգտագործման և կենցաղային իրեր՝ հետևյալ պայմաններով (նշյալ հնարավորությունից կարող են օգտվել նաև բնակվելու նպատակով Իրան ժամանած օտարերկրյա քաղաքացիները).

Ա- հիշյալ ապրանքներն ու իրերը պետք է բեռնավորված լինեն ուղևորի բնակության երկրում և մաքսատուն ներկայացվեն հետևյալ ժամկետում՝ մեկ ամիս նախքան ժամանումը մինչև ինն ամիս իր ժամանումից հետո

Բ- հիշյալ ապրանքներն ու իրերը պետք է չունենան առևտրական բնույթ

Գ-քաղաքացին վերջին հինգ տարվա ընթացքում չպետք է օգտված լինի նշյալ արտոնությունից

Դ- վերոհիշյալ մաքսազերծման արտոնությունը չի գործում այն պետական պաշտոնյաների համար, ովքեր մեկ տարի և/կամ ավել ժամկետով գործուղվում են արտերկիր, բայց վերադառնում են մինչև առաքելության ավարտը՝ մեկնումից մեկ տարի չանցած։

Այս կարգավորումները չեն տարածվում անձնական ավտոմեքենաների վրա։

 

Մեկնող ուղևորների համար

Թե՛ իրանցի, թե՛ օտարերկրացի ուղևորները կարող են իրենց անձնական իրերից բացի երկրից դուրս տանել ցանկացած քանակությամբ իրանական արտադրության ապրանք և ոչ իրանական արտադրության ապրանք՝ ըստ սահմանված կարգի, այն պայմանով, որ նշյալ երկու տեսակի ապրանքները առևտրական բնույթ չունենան, այսինքն նախատեսված չլինեն վաճառքի համար։

 

Անձնական իրեր

Մաքսային օրենսգրքի 135–րդ հոդվածի ծանոթագրության համաձայն՝ անձնական են համարվում նոր կամ օգտագործված այն իրերը, որոնք ուղևորի կողմից կարող են օգտագործվել ճամփորդության ժամանակ։ Նշյալ իրերն ազատված են մաքսատուրքերից։  Այս օրենքը չի տարածվում առևտրական բնույթ ունեցող ապրանքների վրա։ Ապրանքի բնույթի՝ անձնական կամ առևտրական լինելը որոշում է մաքսային ծառայությունը։

Մեկնող ուղևորների ուղեբեռի կարգավորումները

  • Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է դուրս տանել մինչև 125 գրամ ձկնկիթ՝ ձկնարդյունաբերության կազմակերպության թույլտվությամբ։
  • Թույլատրվում է տարադրամի, բանկային փաստաթղթերի և ոչ անվանական արժեթղթերի դուրս բերումը՝ մինչև 5 հազար եվրո կամ դրան համարժեք տարադրամ՝ յուրաքանչյուր ուղևորի հետ, գերազանցման դեպքում՝ ուղևորը, հավելյալ գումարը մաքսային ծառայությանը  ներկայացնելուց բացի, պետք է ստանա նաև բանկային թույլտվություն։
  • Թույլատրվում է ընդեղենի և չրերի տեսականիի դուրս բերում այն ծավալով, որ առևտրական բնույթ չունենա։ Յուրաքանչյուր անձ կարող է դուրս բերել 10 կիլոգրամ պիստակ և 100 գրամ շաֆրան։
  • Թույլարտվում է մինչև 20 քառակուսի մետր մակերեսով ձեռագործ գորգերի դուրս բերումը՝ անկախ նրանց քանակից։ Գորգերի դուրս բերումը ուղևորների հետ հնարավոր է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ու ծովային անցակետերով։ Արգելվում է ազգային և պատմական արժեք ներկայացնող գորգերի դուրս բերումը երկրից։
  • Թույլատրվում է դուրս բերել ոսկյա, արծաթյա և պլատինից անձնական զարդեր՝ 150 գրամի սահմանում։
  • Արգելվում է ամեն տեսակի ոսկյա մետաղադրամների դուրս բերումը։
  • Թույլատրվում է մինչև 3 կիլոգրամ արծաթյա իրերի դուրս բերումը, որպես նվեր այն պայմանով, որ հիշյալ իրերը չլինեն մշակութային ու պատմական արժեք ներկայացնող։
  • Արգելվում է անտիկ իրերի, այդ թվում՝ գեղարվեստական բնագիր աշխատությունների, քարե և ձեռագիր տպագիր գրքերի, գեղագիր և մանրանկարչական գործերի, թանկարժեք մետաղադրամների և այլ պատմական ու մշակութային ժառանգության իրերի դուրս բերումը։
  • Արգելվում է զենք–զինամթերքի, ռազմական սարքավորումների դուրս բերումը։

 

Ընդհանուր սահմանափակումներ և արգելքներ

 

Ժամանող ուղևորների համար՝

(ըստ մաքսային օրենսդրության 40-րդ հոդվածի)

  • Ալկոհոլային խմիչքներ
  • Տաք և սառը զենքեր` միայն ԻԻՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ
  • Պայթուցիկ և հրկիզվող նյութեր
  • Թղթախաղերին առնչվող իրեր ու պարագաներ
  • Երկրի կրոնական ու ազգային արժեքներին չհապատասխանող հրատարակություն, ֆիլմ, լուսանկար և այլ իրեր
  • Երկրի պաշտոնական կրոնին և/կամ հանրային կարգ ու կանոնին, արժանապատվությանն ու ազգային արժեքներին հակասող ցանկացած գրավոր նյութ
  • Թմրանյութեր
  • Անտիկ և մշակութային ժառանգության բնույթի իրեր
  • Անօդաչու թռչող սարքերի մուտքն ու օգտագործումը հնարավոր է համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալու դեպքում
  • Հաղորդակցական սարքերի (անլար հեռախոսներ և այլն) մուտքի և մաքսազերծման համար պահանջվում է ներկայացնել թույլտվություն ԻԻՀ հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից
  • Օդային լուսանկարահանման տեսախցիկներ
  • Օտարերկրյա թղթադրամներ, որոնք ուղևորի մեկնման երկրում չեն կիրառվում, դուրս են շրջանառությունից
  • Վիճակախաղերի տոմսեր
  • Ընտանի կենդանիների եւ թռչունների մուտքի համար անհրաժեշտ է մեկնման երկրի պատկան կազմակերպությունների կողմից տրված առողջական  վկայագիր և ԻԻՀ անասնաբուժական կազմակերպության հաստատում՝ նկատի ունենալով երկրի օրենսդրությունը
  • Վայրի կենդանիների և թռչունների մուտքի համար անհրաժեշտ է մեկնման երկրի համապատասխան կազմակերպությունների թույլտվությունը և Իրանի բնապահպանության կազմակերպության հաստատումը
  • Բույսերի (ծաղիկ, տնկի և այլն) և տարբեր տեսակի սերմերի մուտքի համար անհրաժեշտ է ներկայացնել բույսերի կարանտինային բաժնի թույլտվություն
  • Կենդանի ձկների մուտքը հնարավոր է ԻԻՀ գյուղատնտեսության նախարարության թույլտվության ներկայացմամբ
  • Բացի անձնական և մաքսազերծում չպահանջող ապրանքներից՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է իր հետ երկիր բերել և երկիրը լքելիս իր հետ տանել ներքոնշյալ ապրանքները, որոնք հայտարարագրել է մուտքի ժամանակ․ 

անձնական զարդեր, մեկ լուսանկարչական և մեկ տեսանկարահանման սիրողական սարք, մեկ  հեռադիտակ, մեկ շարժական երաժշտական գործիք, մագնիտոֆոն, մեկ  նոութբուք, մեկ ճամբարային վրան՝ հարակից պարագաներով, առաջին օգնության դեղարկղ, մարզական սարքեր, այդ թվում՝ ձկնորսական, 5,5 մետրից փոքր չափսերով նավակ, դահուկավազքի ու ջրասահքի պարագաներ, թենիսի ռակետ և նման այլ ապրանքներ։

 

Ավտոմեքենաների ժամանակավոր մուտքի կարգավորումներ

 

«Կառնետ դե Պասաժ»

«Կառնետ դե Պասաժը» սեփական ավտոմեքենայով օտար երկիր մուտք գործելու թույլտվություն է, որը տրվում է «Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի» կամ «Ճամփորդական ակումբի» կողմից։ Այդպիսի կենտրոններ գործում են Նյու Յորքի 1954թ․  մաքսային պայմանագրի անդամ-երկրներում։

 

  • Օտարերկրյա ուղևորներն ու զբոսաշրջիկները կամ արտասահմանում առնվազն վերջին երեք ամիսն ապրած իրանցիները, ովքեր  մտադիր են իրենց սեփական փոխադրամիջոցով Իրան մուտք գործել և ստացել  են «Կառնետ դե Պասաժ»՝ երթևեկության գրքույկ  կամ «թրիփ թիք» իրենց երկրի «Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի» կամ «Ճամփորդական ակումբի» կողմից, թույլտվությունը  ներկայացնում են մաքսային անցակետին, որից հետո կարող են իրենց վիզայի և վերոնշյալ թույլտվության ժամկետին համապատասխան և առավելագույնը երեք ամիս ժամկետով՝ երկրի ներսում օգտվել իրենց ավտոմեքենայից՝ առանց մաքսային ծառայությանը հայտարարագիր ներկայացնելու կամ երաշխիքային գումար վճարելու։ Հիշյալ ժամանակահատվածում կարելի է  այդ փոխադրամիջոցով Իրանից բազմիցս դուրս գալ ու ներս մտնել։
  • Սահմանային մաքսային անցակետում ստուգվում և նույնականացվում է «Կառնետ դե Պասաժի» տիրոջ և նրանում նշված ավտոմեքենայի տվյալների համապատասխանությունը ավտոմեքենայի և դրա սեփականատիրոջ տվյալների հետ։ Պետք է վարորդը և ավտոմեքենայի սեփականատերը նույնը լինեն, «Կառնետ դե Պասաժի» գրքույկը պետք է վավերական լինի և ընդունելի լինի Իրանի համար։
  • Սեփական ավտոմեքենայով Իրան մուտք գործելուց հետո պետք է ստանալ ժամանակավոր պետհամարանիշ։ Դրա համար պետք է վկայագիր ստանալ սահմանային մաքսային ծառայությունից, այնուհետև դիմել պետհամարանիշ տրամադրող առաջին իսկ կենտրոնին, որը նշված է լինում մաքսային ծառայության կողմից տրված վկայագրում։
  • Այն անձինք, ովքեր որևէ պատճառով չեն կարողացել «Կառնետ դե Պասաժ» կամ «թրիփ թիք» ստանալ, կարող են սահմանային անցակետում ժամանակավոր մուտքի արտոնագիր ստանալ՝ կանխիկ գումար ի պահ դնելով կամ բանկային երաշխավորագրով կամ ապահովագրական երաշխավորագրով՝ օրենքով սահմանված կարգով։ Խորհուրդ չի տրվում օգտվել սույն տարբերակից՝ վարչական գործառույթների ժամանակատար լինելու պատճառով։
  • «Կառնետ դե Պասաժ» ունեցող ավտոմեքենաների երթևեկության ժամկետը 3 ամիս է՝ բացառությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից մուտք գործած ավտոմեքենաների, որոնց ժամկետը 1 ամիս է։ Այդ ժամկետն ավարտվելուց հետո պետք է լքել ԻԻՀ-ն։ Ժամկետի երկարաձգումը կախված է մաքսային ծառայության հետ նախօրոք ձեռք բերված համաձայնությունից։

 

Երկրից ավտոմեքենայի ժամանակավոր դուրս բերման կանոնակարգերը

          Երկրից ավտոմեքենան ժամանակավորապես դուրս բերել ցանկացողները պետք է իրենց հետ ունենան ավտոմեքենայի սեփականության փաստաթղթերը և/կամ ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից տրված լիազորագիր։ Նրանք պետք է դիմեն տվյալ նահանգի կենտոնի մաքսատուն և/կամ Թեհրանի Հարավային մաքսատուն՝ ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը․  

  • ավտոմեքենայի սեփականության վկայականի բնօրինակը և պատճենը
  • ոստիկանության կողմից տրված ավտոմեքենայի անձնագրի բնօրինակը և պատճենը
  • ավտոմեքենայի քարտի բնօրինակը և պատճենը՝ 2 հատ
  • ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագրի բնօրինակը և պատճենը՝ 2 հատ։

 

Պարտադիր է ավտոմեքենայի և դրա սեփականատիրոջ /կամ լիազորված անձի/ ֆիզիկական ներկայությունը մաքսատանը։

 

Ուշադրություն

20 տարվա և ավելի ավտոմեքենաների ելքի համար անհրաժեշտ է ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության նախարարության թույլտվություն։

Իրանից ժամանակավոր ելքի թույլտվության ժամկետը 3 ամսից մինչև առավելագույնը մեկ տարի է, որն ավարտվելուց հետո պետք է դիմել մաքսատուն՝ կամ ժամանակավոր ելքի արտոնագրի  չեղարկման կամ այդ ժամկետի երկարաձգման համար։ Սահմանված ժամկետում ավտոմեքենան երկիր չվերադարձնելու դեպքում նախատեսվում է տուգանք և օրինական հետապնդում։

 

Ուղեբեռին առնչվող օրենքների և կարգավորումների մասին առավել մանրամասն՝ ստորև նշված կայքերում

 

 

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայություն

 

https://www.irica.gov.ir/web_directory/54952-اطلاعات-مسافری.html  (պարսկերեն)

 

https://www.irica.gov.ir/web_directory/54999-Traveler-Information.html (անգլերեն)

 

 

Իմամ Խոմեյնի օդանավակայան

 

https://www.ikac.ir/guidance (անգլերեն)

 

https://www.ikac.ir/en/Customs-regulations-on-animals (անգլերեն)

 

https://www.ikac.ir/en/Customs-commodity-regulations (անգլերեն)

 

https://www.ikac.ir/tour-guide (պարսկերեն)

https://www.ikac.ir/customs-commodity-regulations (պարսկերեն)

 

 

«Նորդուզ» սահմանային անցակետը հատող ուղևորների համար

Արաս-Ջուլֆա  տնտեսական ազատ գոտու մաքսային գլխավոր վարչությունից և սահմանային տերմինալից ստացված տեղեկությունների համաձայն՝

  • Արգելվում է ներքոհիշյալ ապրանքատեսակների մուտքն ԻԻՀ՝ որպես ուղեբեռ
  • Ընտանի կենդանիներ, կենդանիներ, միս և մշակված մսամթերք, այդ թվում՝ երշիկ, նրբերշիկ և այլն
  • Ալկոհոլային խմիչքներ ու դրանց դատարկ շշեր, ալկոհոլ պարունակող շոկոլադ․ հայտնաբերման դեպքում ուղևորը ներկայացվելու է իրավապահ մարմիններին։
  • Ցանկացած տեսակի քարոզչական բնույթ ունեցող խտասկավառակ, տեսաերիզ, գիրք, պարբերական մամուլ, բուկլետ և խաղաթղթեր՝ հարակից պարագաներով
  • Հիգիենայի միջոցներ և խնամքի պարագաներ
  • Ցանկացած դեղ և դեղամիջոց՝ առանց բժշկի դեղատոմսի (ընդ որում դեղատոմսը պետք է լինի պարսկերեն թարգմանությամբ)
  • Ցանկացած տեսակի սառը և տաք զենք
  • Կենցաղային ապրանքներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա և այլն։

 

  • Արգելվում է ներքոհիշյալ դեղատեսակների մուտքը Հայաստանի Հանրապետություն, առկայության դեպքում՝ ուղևորը ենթարկվում է ծանր տուգանքների։

Հարգելի՛ ուղևորներ, խնդրում ենք խուսափել նման դեղատեսակները տեղափոխելուց նույնիսկ ձեր անձնական օգտագործման համար։

 

  • Ացետամինոֆեն կոդեին         (թմրանյութ) /  ACETAMINOPHEN
  • Քլորդիազեփոքսիդ                  (հոգեմետ) / CHLORDIAZEPOXIDE
  • Դիֆենոքսիլաթ                        (թմրանյութ) / DIPHENOXYLATE
  • Կլոնազեպամ                           (թմրանյութ) / CLONAZEPAM   
  • Քոլդաքս                                  (սուդոֆեդրին պարունակող) /  COLDAX 
  • Բենսեքալ                                (սուդոֆեդրին պարունակող) / BENSECAL
  • Սուդաֆեդ                               (սուդոֆեդրին պարունակող) / SUDAFED
  • Քոլդ սթափ                              (սուդոֆեդրին պարունակող) / COLD STOP
  • Թի-դոլ 100                               (թրամադոլ պարունակող) / T-DOL 100
  • Ռայ դոլ -100                            (թրամադոլ պարունակող) /  RAY DOL 100
  • Ա-ֆերին                                  (կոդեին պարունակող) / A- FERIN
  • Սուդա քոլդ                              (սուդոֆեդրին պարունակող) / SUDA COLD

 

  • Արգելվում է ներքոհիշյալ ապրանքների մուտքը Հայաստանի Հանրապետություն․

 

միս, հավ, ձու, հաց, լավաշ, թեյ, բրինձ, ոսպ, մակարոն, ձեթ, կարագ, պանիր, ավտոյուղ, անվադող, շարֆ, գլխաշոր, շամպույն, լվացքի փոշի, աման լվանալու հեղուկ, զուգարանի թուղթ։

 

 

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս

ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)․

1.Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10.000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ

ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝  

  • 200 սիգարետ
  • կամ 50 սիգար (սիգարիլլա)
  • կամ 250 գրամ ծխախոտ
  • կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով
  1. Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում ներմուծվող ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր։ Անհրաժեշտ է հիշել, որ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝ 3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք:

Կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների տեղափոխում

Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։

Դրամական գործիքները, բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։

Կանխիկ դրամական միջոցները և դրամական գործիքները, անկախ արժեքից ու քաշից, տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։

Ուշադրություն

Ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։

 

Առավել մանրամասն՝

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում՝

https://www.zvartnots.aero/HY/FAQ

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: