• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Դեսպան Գրիգոր Հակոբյանի ելույթը ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

21 սեպտեմբերի, 2026

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ,

Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ

հարգարժա՛ն պարոն Փուրմոհամմադի,

Իրանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ,

նորին գերազանցություն դեսպաններ,

իրանահայ համայնքի սիրելի բարեկամներ,

հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք,

 

35 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը տվեց մի պարզ, բայց պատմական պատասխան՝ «այո» ասաց անկախությանը։ Եվ այդ «այո»-ն միայն մեկ օրվա որոշում չէր։ Այն նախորդող տասնամյակների հիշողության, պայքարի և անկախ պետականություն ունենալու չընդհատվող ձգտման արտահայտությունն էր։

Այսօր՝ 35 տարի անց, մենք այլ կետում ենք։ Մենք արժևորում ենք այն պետությունը, որը կառուցվել է անկախության հիմքի վրա, թրծվել բազմաթիվ փորձությունների միջով և շարունակում է ձևավորվել՝ որպես ինքնիշխան, խաղաղ և զարգացող պետություն։ Հենց այս գաղափարն է արտահայտում Հայաստանի Անկախության 35-ամյակի այս տարվա խորհուրդը՝ «Անկախություն. հարատև պետություն»։

Անկախությունը սկսվում է ժողովրդի կամքից, բայց հարատև պետությունը կառուցվում է ամեն օր՝ խաղաղությամբ, անխոնջ աշխատանքով, պատասխանատվությամբ, պետական ինստիտուտներով, մարդկանց ստեղծագործ ուժով և ապագայի հանդեպ վստահությամբ։

Բարեկամնե՛ր,

Սեպտեմբերի 21-ը մեկ այլ առանձնահատուկ խորհուրդ ունի։ Աշխարհը այս օրը նշում է որպես Խաղաղության միջազգային օր, որը ՄԱԿ-ի կողմից սահմանված է խաղաղության գաղափարն ամրապնդելու և բռնությունից հրաժարվելու տեսլականով։ Այսպիսով՝ մեզ համար սեպտեմբերի 21-ը միաժամանակ անկախության և խաղաղության օր է։ Եվ այս երկու գաղափարները, որքան էլ առաջին հայացքից տարբեր, իրականում խորապես համահունչ են միմյանց։

Անկախ պետության հարատևության համար խաղաղությունը ոչ թե պարզապես ցանկություն է, այլ անհրաժեշտ պայման։ Իսկ խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ։ Այն անվտանգություն է, արժանապատվություն, զարգացման հնարավորություն, մարդկանց միջև վստահություն և ժողովուրդների ու պետությունների միջև համագործակցություն։

Հայաստանի Հանրապետության համար խաղաղության օրակարգն ունի առանձնահատուկ նշանակություն։ Մենք հետևողականորեն առաջ ենք մղում տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման գաղափարը՝ համոզված լինելով, որ խաղաղությունը պետք է դառնա ոչ միայն քաղաքական պայմանավորվածություն, այլև մարդկանց առօրյա կյանքի անքակտելի բաղադրիչ։

Խաղաղությունը պե՛տք է ճանապարհներ բացի։ Խաղաղությունը պե՛տք է վերակառուցի ու ստեղծի կապեր։ Խաղաղությունը պե՛տք է հնարավորություն տա մարդկանց ազատ տեղաշարժվել, առևտուր անել, ճանաչել միմյանց և միասին կառուցել ապագա։

Այս իմաստով Հայաստանի կողմից առաջ մղվող տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև «TRIPP ուղի» ծրագրի շրջանակում քննարկվող հնարավորությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես ենթակառուցվածքային նախագծեր, այլև որպես խաղաղության գործնական հիմքեր ստեղծելու հնարավորություն։

Մեր տարածաշրջանը պատմության ընթացքում եղել է երթուղիների և մշակույթների խաչմերուկ։ Եվ այսօր մենք ունենք այն համոզմունքը, որ այս տարածաշրջանը կարող է կրկին դառնալ այդպիսին՝ այս անգամ որպես ոչ թե բաժանող սահմանների, այլ կամուրջների, համագործակցության և փոխադարձ բարեկեցության միջավայր։

Հարգարժա՛ն ներկաներ,

Այս համատեքստում բնական է անդրադառնալ Հայաստանի և Իրանի հարաբերություններին։ Մեր երկու պետությունների միջև կապերը շատ ավելի խորն են, քան պարզապես երկու հարևանների հարաբերություններ: Դրանք ձևավորվել են դարերի ընթացքում և այսօր արտահայտվում են քաղաքական երկխոսության, տնտեսական ակտիվ համագործակցության և միջմարդկային սերտ շփումների միջոցով։ Մեզ համար Իրանը կարևոր է ոչ միայն որպես անմիջական հարևան, այլև որպես երկիր, որի հետ Հայաստանը կիսում է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների երկար տարեգրություն։

Իսկ երբ խոսում ենք բարեկամության մասին, այն հատկապես տեսանելի է դառնում դժվարին պահերին։ Այս տարի Իրանի համար ծանր ժամանակաշրջանում Հայաստանը տրամադրեց մարդասիրական օգնություն, շարունակեց պահպանել Իրանն արտաքին աշխարհին կապող կամրջի նշանակությունը: Սակայն անկեղծորեն պետք է նշեմ, որ մենք դա չենք ընկալում որպես արտառոց քայլ: Ժողովուրդների միջև իրական բարեկամությունը դրսևորվում է հենց այդպես. երբ դժվար պահին սատար կանգնելու անհրաժեշտությունը չի պահանջում երկար բացատրություններ։

Նույն ոգով էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Հայաստանի բարձրագույն մակարդակով ներկայությունը այդ ծանր պահին ևս մեկ անգամ արտահայտեց մեր հարգանքը Իրանի բարեկամ ժողովրդի և մեր հարևան երկրի նկատմամբ։

Ես համոզված եմ, որ մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակելու են բացել նոր հորիզոններ՝ ռազմավարական համագործակցության առավել խորացմամբ, բարեկեցության խթանմամբ և շարունակական երկխոսությամբ:

Սիրելի՛ հյուրեր,

Ուրախ եմ ձեզ հետ կիսվելու, որ Հայաստանի զարգացումն ու միջազգային ներգրավվածությունը թույլ են տալիս մեր պետությանը դառնալ միջազգային կարևոր միջոցառումների հյուրընկալ։ Միայն այս տարի մեր մայրաքաղաքը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրոպական միության գագաթնաժողովները, իսկ առաջիկայում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում աշխարհի տարբեր անկյուններ կհամախմբվեն Երևանում:

Այս միջոցառումները ունեն մեկ ընդհանրություն. դրանք ցույց են տալիս Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ լինել ոչ միայն միջազգային գործընթացների մասնակից, այլև երկխոսության և համագործակցության հյուրընկալող։

Բարեկամնե՛ր,

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ այսօր մեր հիմնարար նպատակն է անկախությունը դարձնել հարատև պետականություն՝ խաղաղ, ինքնիշխան, զարգացող և ապագային վստահ նայող Հայաստանի Հանրապետություն:

Եվ այս ճանապարհին Հայաստանը բարձր է գնահատում իր բարեկամների ներկայությունն ու աջակցությունը։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք՝ մեզ հետ նշելու մեր պետության Անկախության 35-րդ տարեդարձը։

Թող մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամությունը շարունակի ամրապնդվել, թող մեր տարածաշրջանը դառնա խաղաղության, համագործակցության և մշակույթների խաչմերուկ, որի ճանապարհները այսուհետ ավելի ու ավելի կկապեն, քան կբաժանեն, կստեղծեն հնարավորություններ ու նորանոր կամուրջներ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: