• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

Սպահանի Հայոց Թեմ

 

Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Սիփան եպս. Քեչեճյան 

Սպահանի Հայոց թեմի առաջնորդարան


Հասցե՝                     Vank Church

                                  Kelisa st., Hakim Nezami Ave., Jolfa
                                  Isfahan - Iran
Հեռ․՝                          (+98-31) 36243472

Փոստի համար՝         81738-97953

Փոստարկղ՝               81735-115
                        
Ֆաքս՝                        (+98-31) 3627 09 99

Էլ․հասցե                    sourbv@yahoo.com

Կայք՝                         www.norjugha.ir   - www.vank.ir

Ինստագրամ՝            Esfahan.prelacy

 

Հայերն Սպահանում

Նոր Ջուղայի հիմնադրում

17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669 թ.) «Հայոց պատմություն»-ն ընդգրկում է 1601-1662 թթ. տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Պարսկաստանում, Ստամբուլի, Սպահանի, Լվովի եւ այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացվում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը։

Առաքել պատմիչի ավանդության համաձայն, հայերի մի մեծ հատված Պարսկաստան են տարվել 1603 թվականին, Առաքելը չի հիշատակում այդ հատվածի մասին, թե Պարսկաստանի ո՞ր քաղաքում տեղավորեցին նրանց, բայց ասում է՝ բոլորին տեղահանելով՝ քշեցին Պարսկաստան. պարզվում է, որ նրանց ցրել են զանազան քաղաքներում: Գաղթականների մի մասին, հիմնականում գյուղացիներին, տեղափոխեցին Սպահան քաղաքի շրջակա գավառներ, իսկ Ջուղայի առևտրականներին շահի հրամանով թույլատրեցին բնակվել Սպահանում։ Առաքելը պատմում է, որ հայերի երևելի խավը Սպահանի քաղաքամիջում զանազան տեղեր բնակեցվեց և շահի հրամանով նրանց շինության համար հողեր տրվեց։ Հայերը գեղեցիկ շենքեր կառուցեցին՝ զարդարված ծաղկադաջերով։ Կառուցվեցին նաև եկեղեցիներ։

Ջուղայեցիք սիրելի էին Շահ Աբբաս թագավորին, ով մի քանի հրովարտակներով Զայանդեռուդ գետի հարավային կողմը նշանակեց որպես այդ գաղթականների համար բնակարաններ կառուցելու վայր։ Այն հողամասը, որի վրա հիմնարկվեց Նոր Ջուղան, մի մասը կառավարության կողմից նվեր շնորհվեց, և մի մասն էլ հայերը գնեցին արծաթով։

Նոր Ջուղայի հիմնարկության հատակագիծը կազմվեց ճարտարապետական գեղեցիկ կազմությամբ։ Նոր Ջուղայի տարածքը նախքան տների կամ շինությունների կառուցումը եղել է ընդարձակ դաշտ կամ հողագործության վայր, հետևաբար ջուղայեցիների համար հեշտ եղավ իրենց ցանկության համաձայն ձգել հատակագիծը:

Նազար անունով մի երկար ուղիղ պողոտա ձգեցին արևելքից դեպի արևմուտք՝ Ջուղայի մեծ եւ առաջին իշխանապետ Խոջա Նազար անունով: Զայանդեռուդ գետի եզերքից դեպի հարավի կողմը բաժանեցին 10 ուղիղ եւ լայն փողոցներ, որոնք անցնում էին Նազար պողոտայով, որոնցից յոթի ծայրերը նույն ուղղությամբ հասնում էին այն դաշտին, որտեղ գտնվում էր հայոց գերեզմանատունը:

Այդ 10 փողոցները, միմյանցից անջատվող տարածության համաձայն, եղել են թաղերի սահմանները և դրանց միջև կառուցվել են բնակարանները՝ սկիզբ առնելով գետի եզերքից:

Այդպես կառուցվեց եւ անվանվեց գյուղաքաղաք Նոր Ջուղան, որտեղ բնակություն հաստատեցին Հայաստանից գաղթած ջուղայեցիները:

Ջուղայեցիների Սպահան քաղաք են ժամանել 1605 թվականին, իսկ Ջուղայի հիմնարկությունը կայացել է 1606 թվականին:

Հայերը մեծ դերակատարություն ունեցան ոսկերչության, գորգագործության, ջուլհակության և այլ արհեստների զարգացման գործում։ Շատերը մասնակցել են երկրի ներքին և արտաքին առևտրին։

Նոր Ջուղայում կառուցվում են հասարակական ու կրոնական նոր շինություններ, բացվում է տպագրատուն։

Նոր Ջուղայում եղել են նաև քահանաներ, բժիշկներ, ուսուցիչներ, ատամնաբույժներ, նկարիչներ, քանդակագործներ, վաճառականներ, հացագործներ, ատաղձագործներ, քարտաշներ, բաղնիսպաններ, սափրիչներ, պղնձագործներ, երկաթագործներ, մսավաճառներ, ջուլհակներ, սեղանավորներ, բրուտներ և այլ արհեստավորներ։

Դեռևս 17-րդ դարի 30-ական թվականներին Խաչատուր Կեսարացու նախաձեռնությամբ Նոր Ջուղայում բացվել է հայկական բարձրագույն դպրոց, որը կոչվել է նաև համալսարան կամ ճեմարան: Առաջին աշխարհիկ դպրոցը բացվել է 19-րդ դարի կեսերին՝ 1833 թվականին, Նոր Ջուղայի Ազգային Կենտրոնական դպրոցը:

Հայերն այստեղ զբաղվել են գինեգործությամբ, հյուսնությամբ, կոշկակարությամբ, դերձակությամբ, ժամագործությամբ, այգեգործությամբ, գուլպայագործությամբ, ոսկերչությամբ, ակնագործությամբ. արքունական հռչակավոր ոսկեգործ վարպետներից էին Թադեոս Առաքելյանը, Ստեփան Եդիգարյանը, Առաքելը, Ծերունը և ուրիշներ, շատերը մասնակցել են երկրի ներքին և արտաքին առևտրին։ Ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաղդարյան, Նազարբեկյանց, Թումանյան, Շահգելդյանց առևտրական տները: Պարսկահայերն անժխտելի դեր են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքում. նշանավոր դեմքերից են Միրզա Մելքում խանը, Ենիկոլոպյանները, Դավիթ խան Դավթյանը և ուրիշներ:

 

 

Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ

(հոգևոր մշակութային համալիր)

 

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան Վանքը ոչ միայն Նոր Ջուղայի ու իրանահայության, այլև համայն հայ ժողովրդի պարծանքն եղող մի հաստատություն է, որի հոգևորականներից մի քանիսը բազմել են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսական գահին։

Վանքը տվել է նաև գիտնական ու արժանավոր հոգևորականներ։ Նրանցից էին Խաչատուր Վրդ. Կեսարացին, ով հիմք դրեց Միջին Արևելքի առաջին տպարանին, Հովհաննես վարդապետը, ով Ավետարանը թարգմանեց պարսկերեն:

Ս. Ամենափրկչյան Վանքը հիմնվել է հայերի Ջուղա հաստատվելու առաջին տարում՝ 1606 թվականին։ Սկզբում կառուցվել է մի փոքր եկեղեցի, որը հետագայում վերակառուցվել է՝ Մայր Տաճար լինելու պահանջին հարմարեցվելով, հետագայում ավելացել են առաջնորդարանի ու միաբանական սենյակների շինությունները (խուցեր)։

 

 

 

 

 

Ս. ՀՈՎՍԵՓ ԱՐԵՄԱԹԱՑԻ ԵԿԵՂԵՑԻ

Նոր Ջուղայի փառավոր եկեղեցիներից մեկն է, Ս. Ամենափրկիչ Վանքի Ս. Հովսեփ Արեմաթացի Մայր Տաճարն է։
Հայերի Նոր Ջուղա հաստատվելու առաջին տարում՝ 1606թ․, առաջին անգամ կառուցվել է անշուք և առանց ընդարձակ շինությամբ մի փոքր եկեղեցի՝ կրելով հին Ջուղայի «Ամենափրկիչ Վանքի» անունը։ 50 տարի հետո նույն տեղում կառուցվում է ներկայիս փառավոր եկեղեցին։ Եկեղեցին ամբողջովին զարդարված է Հին և Նոր Կտակարանի որմանկարներով ու ծաղկազարդերով:

 

Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ «ԽԱՉԱՏՈՒՐ ԿԵՍԱՐԱՑԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

Նոր Ջուղայում 1905-1906 թվականներին Վանքի Մայր Տաճարի դիմաց, կառուցվում է գրադարան-մատենադարանի համար մի առանձին շենք: Շենքը մինչև 1930-ական թթ․ ծառայում է որպես գրադարան-մատենադարան, ուր ցուցադրվում են նաև մի շարք գրչագիր եւ տպագիր գրքեր, կրոնական զանազան իրեր եւ նկարներ:

1931 թ․ Իրանի ժամանակի կառավարության հրավերով Սպահան է ժամանում արվեստագետ և գեղանկարիչ Սարգիս Խաչատուրյանը: Նա 1931-1934 թթ․ զբաղվում է Սպահանի պատմական շինությունների որմնանկարների նորոգության և պատճենահանման աշխատանքով և կարևոր դեր է ունենում Նոր Ջուղայի մշակութային կյանքում: Նոր Ջուղայի Համայնական Խորհուրդը, ճիշտ գնահատելով պահը, օգտվում է նրա խորհուրդներից և գրադարան-մատենադարանի շենքի մեջ որոշ բարեփոխումներ կատարելով՝ նույն վայրում հիմնում է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչի Վանքի թանգարանը:

1930-1933 թվականների ընթացքում Վանքում և մյուս եկեղեցներում գտնվող արժեքավոր նկարները, գեղեցիկ իրերը, և այլ զանազան թանգարանային իրեր,  որոնք Նոր Ջուղայի հայ վաճառականները փոխադրել էին արտասահմանից, հավաքվում են թանգարանի համար։ Թանգարանը այդ եռասենյակ շենքում իր աշխատանքը շարունակում է մինչև 1971 թվականը:

Զբոսաշրջիկության նկատմամբ երկրի մեջ օրըստօրե աճող հետաքրքրությանը զուգահեռ, առավել անհրաժեշտություն է զգացվում պահպանել և ներկայացնել իրանահայության ավանդն ու դերը Իրանի մշակույթի և քաղաքակրթության զարգացման մեջ:

1977 թ․ օգոստոսի 11-ին, մեծ հանդիսությանբ կատարվեց Ս. Մեսրոպ Մաշտոցի և Խաչատուր վարդապետ Կեսարացու կիսանդրիների բացումը, որոնք տեղադրված են թանգարանի մուտքի մոտ:

Հետագայում թանգարանը համալրվել է «Հայոց Ցեղասպանություն», «1918 թվականի Հայաստանի Հանրապետություն», «Եփրեմ Խան», «Ս. Ամենափրկչյան Վանքի տպարան» տաղավարներով և մետաղադրամների հավաքածույով:
Գրադարան-մատենադարանը մինչև պաշտոնապես թանգարան դառնալը, ունեցել է հուշամատյան, որի մեջ առաջին անգամ՝ 1921 թ․ հունվարի 26-ին, ստորագրել են Պարսկաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ՝ Իշխան Հովսեփ Արղությանը եւ Տեղեկատու բյուրոյի վարիչ Գևորգ Ստեփանյանը:
2012թ․ թանգարանը անվանվեց «Խաչատուր Կեսարացի Թանգարան»:
Սույն անվանումը, նվիրվելով հայ գրքի տպագրության 500-ամյակին, նպատակ ունի հավերժացնելու Միջին Արևելքի առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր վարդապետ Կեսարացու արժանահիշատակ անունը:

 

Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ՏՊԱՐԱՆ (1636-1972)

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ Վանքի տպարանը հանդիսանում է Իրանի և Միջին Արևելքի առաջին տպարանը։ 

Թանգարանում ցուցադրված տպագրական առաջին սարքերից, պատրաստված է 1841 թվականին և կոչվում է «Արծիվ»։

 

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՅՈՒՏՆ ՈՒ ՀԱՅԵՐեՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տպագրության գյուտը տեղի ունեցավ գերմանացի Հովհան Գուտենբերգի ձեռքով 1445թ․, իսկ առաջին գիրքը տպագրվեց տաս տարի հետո՝ 1455թ․։
Այս գյուտից հազիվ 70 տարի անցած Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրվեցին հայերեն լեզվով առաջին գրքերը, որոնք են՝ «Պարզատումար» (1512 թ.), «Պատարագատետր» (1513), «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»։
Առաջին տպագրիչ Հակոբից հետո, երկրորդն եղավ Աբգար դպիր Թոքատեցին կամ Եվդոկիացին, որ նույնպես Վենետիկում 1565թ․ տպագրեց հայերեն առաջին օրացույցը՝ «Խառնափնթուր տումարի գեղեցիկ և պիտանի» անունով։
Վենետիկից հետո երկրորդ վայրը, ուր հայերեն տպարան է աշխատել, եղել է Կոստանդնապոլիսը, որտեղ իր տպարանը տեղափոխել ու գրքերի հրատարակությունը շարունակել է Աբգար Դպիրը 1567 թ․ ։
Հետագայում, հաջորդաբար, հայկական տպարաններ են հիմնվել Հռոմում՝ 1594թ․, Լվովում՝ 1616թ․, Միլանում՝ 1621թ․, Փարիզում և այլ վայրերում ևս, բայց դրանք չեն եղել հայր տպարաններ։
7-րդ տեղը պատկանում է Նոր Ջուղային, ուր տպարան է հիմնվել առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով 1636-1637թթ․, իսկ առաջին գիրքը տպագրվել է 1638թ․։

Նոր Ջուղայի առաջնորդ

Խաչատուր Կեսարացի (1590, Կեսարիա, Թուրքիա - 1646, Նոր Ջուղա, Իրան )

Տպարանական աշխատանքներն սկսվում են դեռևս 1636 թ.։ Վանքի ողջ միաբանությունը լծվում է ծանր ու դժվարին աշխատանքի, տնային միջոցներով պատրաստում են մամուլ, թուղթ, մելան, տառեր և ձեռնարկում գործը գլուխ բերելու, որի աշխատանքները տևում են մեկ ու կես տարի, և 1638 թ․տպագրվում է Ջուղայի առաջին գիրքը՝ «Սաղմոս»-ը։
Ինչպես որ մինչև այժմ հայտնի է, Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայի տպարանում տպագրվել են չորս գիրք։

1904 թ․ Ջուղայի տպագրական գործում նոր թափ է սկսվում։ Թումանյան եղբայրների Առևտրական Տունը, իրենց հանգուցյալ եղբոր՝ Հովսեփ Թումանյանի հիշատակին, Վանքի տպարանին է նվիրում այն օրերի հասկացողությամբ մի արագատիպ արդիական մամուլ՝ իր բոլոր հարմարություններով, որն սկսում է արդյունավետ աշխատել շնորհիվ բարեկարգիչ ու բարեջան առաջնորդ Բագրատ վրդ. Վարդազարյանի։

Այդ օրերի մեծ ու փոքր բազմաթիվ տպագրությունների հետ հիշատակության արժանի է նաև «Նոր Ջուղայի Լրաբեր» երկշաբաթաթերթը, որն իր ուղղությամբ ու ազգային ոգով հատուկ տեղ ունի Ջուղայի մշակութային աշխատանքների մեջ։
Թումանյանների նվիրած մամուլն սկզբում բանում էր ձեռքով պտտվող անիվով, իսկ հետո գործում էր էլեկտրականությամբ աշխատող մի շարժակով։     Թեև դա հեռու էր արդիական մի մամուլ լինելուց, բայց մի միջոց էր՝ տպագրությունը մասամբ արագ կատարելու համար։
Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչյան Վանքի տպարանից 335 տարիների ընթացքում լույս են տեսել 372 հատոր գիրք ու գրքույկներ։

 

«Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ» ԳՐԱԴԱՐԱՆ-ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

 

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչի Վանքը հիմնադրության օրից ունեցել է գրչագիր գրքեր, որոնց վրա հետագայում ավելացել են նաև տպագիր գրքերը, բայց մինչև 1844 թ․ դրանք հատուկ տեղ ու պահեստ չեն ունեցել։
1905-6թթ․  կառուցվում է մի առանձին շենք՝ «Ս. Ամենափրկչյան Մատենադարան»-ը: 1974 թվականին Ս. Ներսես Շնորհալու վախճանման 800-ամյակի հանդիսությանը, նախաձեռնությամբ Առաջնորդ Մեսրոպ Վրդ. Աշճյանի, մատենադարանը անվանվել է «Ս. Ներսես Շնորհալի»։
1972թ․ Թեմակալ Առաջնորդ Գարեգին եպս. Սարգիսյանի ջանքերով նորոգվում է գրադարանը, որին միացվում են Նոր Ջուղայում եղած մյուս ժողովրդական գրադարանները։ Վերանորոգված գրադարանի բացումը կատարվել է 1972թ․:
   
Գրադարանի մուտքի երկու կողմերում դրված են երկու սիրված հայ բանաստեղծների՝ Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի կիսանդրիները:

Վիրտուալ գրադարան

 

Նոր Ջուղայի Հայոց Ազգագրական թանգարան

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Հայոց Ազգագրական թանգարանը հիմնադրվել է 2019 թվականին: Ազգագրական թանգարանում ներկայացված է Նոր Ջուղայի հիմնադրման պատմությունը, ժողովրդական ու ազգագրական հարուստ սովորությունները, կենցաղը, արհեստն ու արվեստը, ընտանիքը, ավանդույթները և ընդհանուր հասարակական կյանքը:

 

 

Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ ԺԱՄԱՑՈւՅՑԸ

 

Վանքի ներկայիս գլխավոր մուտքի դարպասի շքամուտքը կառուցվել է 1910-ական թվականներին՝  կից երկու սենյակների հետ, իսկ վերևի ժամացույցի աշտարակը՝ 1931 թվականին, որի վրա տեղադրվել է չորսկողմանի մի մեծ ժամացույց։ Դրա զանգը կշռում է 300 կգ., և ձայնը լսվում է գրեթե ամբողջ Ջուղայում:

ԱՊՐԻԼՅԱՆ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ս. Ամենափրկիչ Վանքի շինարարության մեջ ժամանակագրական կարգով վերջինը եղել է Հայկական Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանը, որը կանգնեցվել է Թուրքիայի կառավարության կողմից հայության դեմ կատարված ցեղասպանության 60-ամյակին, երբ համայն աշխարհում, հայկական գաղութներում հայ ժողովրդի քաղաքական զարթոնքը խորհրդանշող նման հուշարձաններ էին կառուցում:

Ս. Ամենափրկչյան Վանքի բակի հյուսիս արևմտյան բաժնում 1975 թ․ կառուցվել է Մեծ Եղեռնի Բյուրավոր Նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Նախագծող-ճարտարապետն է Ալբերտ Աճեմյանը։

 

Նոր Ջուղայի Հայոց  Երաժշտական թանգարան

2021 թ.  Սպահանում բացվել է Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարանը: Այստեղ յուրօրինակ նմուշներով, վավերագրական տվյալներով և լուսանկարներով ոչ միայն արտացոլվել է երաժշտության դերը հայկական մշակույթի և հոգևոր կյանքում, այլև ներկայացվել են Իրանի երաժշտության պատմության մեջ իրենց առանցքային դերակատարությունն ունեցած հայ արվեստագետները՝ սկսած աշուղական երաժիշտներից մինչև ժամանակակիցը, կոմպոզիտորները, նվագարանագործները։

Թանգարանը ներկայացված է հետևյալ բաժիններով'

 

  • «Եկեղեցական ղողաջներ» 
  • «Աշուղական խաղեր»
  • «Երաժշտական ռիթմ եւ հևք»
  • «Նվագարանագործության արհեստանոց»
  • «Իրանահայ երաժշտության աստղաբույլ»
  • «Գրադարան-ձայնադարան»
  • «Կենդանի կատարումների սրահ»:

 

Երաժշտական թանգարանը կենդանի երաժշտական դպրոց է,  նաև Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթև» երգչախմբերի փորձերի վայրը։

 

Էլ․ Հասցե՝            nj.musicloft@gmail.com
Հեռ․՝                    +98 31 36272944 - +98 31 36243566      
Ինստագրամ՝      @armmusicmuseum                                                                                                                                                             

 

 

                             Վիրտուալ այցելություն Նոր Ջուղայի Հայոց Երաժշտական թանգարան

 

 

Սպահանի եկեղեցիները

 

 

 

 

  • Ս. Ամենափրկիչ վանք

Վիրտուալ այցելություն  վանք

 

  • Ս. Հովսեփ Արեմաթացի
  • Ս. Բեթղեհեմ
  • Ս. Հակոբ
  • Ս. Գևորգ
  • Ս. Գրիգոր Լուսավորիչ
  • Ս. Ստեփանոս
  • Ս. Հովհաննես Մկրտիչ
  • Ս. Կատարինյան մենաստան
  • Ս. Նիկողայոս
  • Ս. Սարգիս
  • Ս. Ներսես
  • Ս. Մինաս
  • Ս. Աստվածածին

 

Կրթօջախները

  • Նարեկ մանկապարտեզ - նախակրթարան
  • Արմեն երկսեռ տարրական
  • Քանանեան օրիորդաց ուղ. - միջնակարգ
  • Կատարինյան տղայոց ուղ. - միջնակարգ

Միություններ և հաստատություններ

 

  • Ն.Ջ.Հ.Մ.Մ. «Արարատ» միություն
  • Ն.Ջ.Հ. Կանանց Գթության միություն
  • Ն.Ջ.Հ. Բարեգործական ընկերություն
  • Հ. Ուսումնասիրաց Չհարմահալ միություն
  • Փերիոյ Կրթասիրաց միություն


 

Նոր Ջուղայի Ազգային գերեզմանատուն

Սպահանի հայկական գերեզմանատունը պատկանում է Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդին։ Այն ղեկավարվում է Խորհրդի կողմից կազմված Գերեզմանատան Բարեզարդման մարմնի միջոցով:

Գերեզմանատան տարածքը կազմում է ավելի քան 30 հեկտար։

 

 

 

 Նոր Ջուղայի Ազգային գերեզմանատուն

 

 Աղբյուր՝ Սպահանի Հայոց Թեմի առաջնորդարան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: